Նիկոլ Փաշինյանը հորդորեց Մովսես Հակոբյանին հրապարակել ձայնագրությունը

Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանի մեղադրանքներին։

«Ես խոսել եմ կոնկրետ դեպքի մասին, որի վերաբերյալ կա քրեական գործ, և ընթանում է քննություն: Խնդիրն այն է, որ Ձեր նշած պաշտոնյան իր ասուլիսում հայտարարություն էր արել, թե ժամանակին իրեն ինչ-որ գնման համար առաջարկել են ատկատ, և ինքը հրաժարվել է այդ մի գործարքից: Հարցը հետևյալն է՝ այս պարագայում չաշխատող զենքը ձեռք բերելու համար առաջարկվե՞լ է ատկատ, թե՞ չի առաջարկվել: Եթե չի առաջարկվել, ինչո՞ւ է այդ զենքը գնվել: Դրա հետ կապված կա քրեական գործ, և քրեական գործը պիտի տա պատասխանը: Ես չեմ կարող դատավճիռ կայացնել, որ այս ինչ մարդը կոռուպցիոներ է, այս ինչ մարդը կոռուպցիոներ չէ: Դատավճիռ պետք է կայացվի քրեական գործի արդյունքում»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ հասկանալով իրադրության նրբությունը՝  ինքը շատ կարևոր է համարել, որպեսզի բանակում ցնցումային երևույթներ տեղի չունենան, որպեսզի բանակն իր բնականոն զարգացումը շարունակի և ապահովի:

«Նույն տրամաբանությամբ՝ ես չեմ կարող կամ որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ 2018 թվականից հետո Զինված ուժերում աշխատել են բացառապես չկոռումպացված անձինք: Չի կարող որևէ մեկը դա երաշխավորել: Բայց դա ի՞նչ է նշանակում: Նշանակում է՝ բոլորին պետք էր աշխատանքից ազատե՞լ այն կանխավարկածով, որ իրենք աշխատել են այդպիսի միջավայրում: Իհարկե՝ ոչ: Բոլորին ազատելուց հետո ո՞ւմ էր պետք նշանակել նրանց տեղը»,- հավելել է նա։

Անդրադառնալով Մովսես Հակոբյանի այն պնդմանը, որ վարչապետը պատերազմի սկզբում հրահանգել է դադարեցնել զորակոչը և միայն կամավորներին ուղարկել ռազմաճակատ, վարչապետն ասել է «Ես դրան անդրադարձել եմ: Դա կատարյալ անհեթեթություն է: Կա ձայնագրություն, թող հրապարակեն: Ախր հասկանում եք, այս լրատվական մանիպուլյացիան, թե կա ձայնագրություն: Կա ձայնագրություն՝ հրապարակեք: Հիմա էլ քրեական գործ է հարուցված: Չեք ուզում հրապարակեք, տարեք, տվեք, թող կցեն քրեական գործի նյութերին, քննեն: Լավ, չեք վստահում նախաքննությանը, հրապարակեք: Ասուլիս արեք, միացրեք ձայնագրությունը, թող բոլորը լսեն, թե այդ ինչի մասին է խոսքը: Ես, բնականաբար, այդպիսի որոշում չեմ կայացրել և չէի կարող կայացնել»։

92 thoughts on “Նիկոլ Փաշինյանը հորդորեց Մովսես Հակոբյանին հրապարակել ձայնագրությունը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.