Բելգիայի դաշնային խորհրդարանը Ադրբեջանից պահանջում է զորերը դուրս բերել Արցախից

Այլ լուրեր

Բելգիայի ներկայացուցիչների պալատը ընդունել է բանաձև, որում դատապարտում է Արցախի հայ ազգաբնակչության դեմ Թուրքիայի իշխանությունների աջակցությամբ և օտարազգի վարձկանների մասնակցությամբ սանձազերծված ադրբեջանական ռազմական ագրեսիան և հստակորեն պահանջում է, որ Ադրբեջանը և նրան սատարող ուժերը զորքերը դուրս բերեն Լեռնային Ղարաբաղի տարածքից, որը նվաճվել է բռնի ուժի և բռնության գործադրմամբ:

Բանաձևը նաև դատապարտում է խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից կանխամտածված հարձակումները և կաստետային և ֆոսֆորային ռումբերի կիրառումը:

Բանաձևի նախաբանում խոսվում է նաև Արցախի հայ ազգաբնակչության ինքնորոշման իրավունքի, ուժի չկիրառման մասին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքներ, և շեշտվում է, որ այդ սկզբունքները ոտնահարվել են Ադրբեջանի կողմից:

Քանի որ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության մեջ չի նշվում Արցախի կարգավիճակի մասին, Բելգիայի խորհրդարանը կոչ է անում երկրի կառավարությանն աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների անհապաղ վերսկսումը, որը նպատակ կունենա Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ որոշում հաստատել, մասնավորապես հաշվի առնելով դրա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Բանաձևը Բելգիայի կառավարության կոչ է ուղղում պահանջել Թուրքիայից դադարեցնել ռազմական միջամտությունը ղարաբաղյան հակամարտությունում և անմիջապես վերջ տալ Հարավային Կովկասում իր ապակայունացնող դիրքորոշմանը: Թուրքիան պետք է նաև դադարի խթանել սիրիացի վարձկանների և ջիհադականների տեղափոխումը և տեղակայումը Լեռնային Ղարաբաղում և կազմակերպի նրանց անհապաղ տեղահանումը տարածաշրջանից: Ըստ բանաձևի՝ Թուրքիայի կողմից ցանկացած միջամտություն հրադադարի ռեժիմի պահպանումը դիտարկող առաքելությանը համարվելու է վտանգավոր տեղի բնակչության անվտանգության համար: Ցանկացած նման առաքելություն պետք է ստանձնի ԵԱՀԿ Մինսկի խումբը:

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը և Բելգիայի Հայ դատի հանձնախումբը նաև ողջունում են այն փաստը, որ Բելգիայի ներկայացուցիչների պալատը դիմում է կառավարությանը՝ եվրոպական գործընկերների հետ անել հնարավոր ամեն բան՝ նպաստելու համար Արցախում ավերված կամ վնասված շենքերի վերակառուցմանը, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախի բնակչությանը և զոհեր ունեցած և փախստական ընտանիքներին: Կառավարությունը կաջակցի, որպեսզի UNESCO-ն առաքելութուն ուղարկի ներկայումս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արցախի տարբեր շրջաններ՝ հանուն ճարտարապետական և կրոնական ժառանգության պահպանման:

Բանաձևը նաև անդրադառնում է գերիների վերադարձի խնդրին: Ներկայացուցիչների պալատը խստագույնս դատապարտում է ռազմագերիների սպանության փաստը և պահանջում է, որպեսզի պատերազմի հանցագործություններ իրականացնողները հետապնդվեն և պատժվեն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.