Տիկ, էսօր շիրիմիդ չեմ լացել. մի կերպ, բայց զսպել եմ ինձ․․․

Հետաքրքիր

Բարև մեր Տիգրան Մեծ։ Էսօր քայլում էի իմ ու քո սիրելի #սահմանապահՆերքինԿարմիրԱղբյուր գյուղի փողոցներով ու հիշում էի վերջին երեք տարիների ընթացքում քեզնով լցված օրերն ու դեպքերը։ Խառը մտքերիս կծիկն ու կենդանի հիշողություններիս թելը կտրեց գյուղի սկզբում փակցված անունդ վկայող սև ժապավենը՝ <Տիկո 20>։
Մի պահ էր, զուտ վայրկյան ու էլի պիտի հիշեի, թե դասղեկի ժամին հայրենիքի ու հայերի մասին խոսելիս ինչպես հպարտությամբ ներկայացար։ -Ավելին, քան ավելորդ եմ համարում սահմանում ծնված, մեծացած, ապրող հային հարցնել՝ ինչ է հայրենիքն ու հայրենասիրությունը։ Բայց ուզում եմ իմանաք, որ իմ Հայրենիքը դուք եք, որ ամեն մեկդ մի Հայաստան եք ինձ համար։ Եվ դրա համար էլ ուզում եմ շատ լավ ճանաչել յուրաքանչյուրիդ։ Իսկ դուք ձեզ ճանաչու՞մ եք, գիտե՞ք, թե ձեր անուններն ի՞նչ են նշանակում։

Դու շեշտակի նայեցիր աչքերիս մեջ։ Երկար ժամանակ չպահանջվեց, որ հնչեցնեիր պատասխանը.
-Տիգրան Մեծն եմ, Տիգրան արքան։ Առաջին ու վերջին անգամ ինքդ քեզ Տիգրան ասացիր։ Բոլորիս տիպում էիր, որ քեզ Տիկո ասենք։ Քայլելով հասնում եմ կանգառին ու քեզ պատկերացնում Գագիկի, Հայկի, Նվերի, մյուս ընկերներիդ հետ միասին՝ բարձր ծիծաղելիս։ Մտքիս մեջ հետդ խոսելով հասնում եմ իմ ու քո դպրոց, որտեղ էլ պատիվ եմ ունեցել քեզ ճանաչել։ Ինչքա՜ն չէիր սիրում դասերը սովորել, բայց գալիս էիր դպրոց, որ ոչ մեկին չնեղացնես։ Դպրոց մտնելուն պես մտել եմ մեր դասասենյակ, մի քանի րոպե նստել դպրոցական նստարանիդ ու հիշել, թե ոնց էինք պլանավորում միասին փախչել դասերից։ Շոյել եմ դահլիճի պատերը, որոնք քո ձեռքով են նոր շունչ առել. այդքա՜ն սպասված վերջին զանգդ պիտի դպրոցի դահլիճում լիներ, պիտի հասցնեիր, պարտադիր։ Հասցրեցիր։

Դու ամեն ինչում շտապում էիր, բայց և հասնում կատարյալ արդյունքի, ավելի ճիշտ՝ քո ուզած արդյունքին։
Հիշու՞մ ես, ուսուցչի տոնի կապակցությամբ էլի փախել էիք դասերից։ Անպատասխան զանգերիցս նեղված դուրս եկա դպրոցից ու տեսա չորսիդ ծաղկեփնջով կանգնած (լավ առիթ էր)։ Չթողեցիր բառ ասեմ.
-Գիտեմ, վեր ջղայնացրել ենք, բայց դասից փախելինք, վեր Ձեզ հմար ծաղիկ պիրենք, Ձեր տոնն ա չէ՞։ Այ դրա համար էլ ջղայնանալ չդեք։Դե ժպտացե՜ք, այ, այ էդպես։
Կուզեի մի քիչ էլ երկա՜ր գրկել քեզ։
Հիմա ուզում եմ ասել, որ էսօր էլ ես եմ փախել դասից ու գործից, քաղաքի աղմուկից ու Քեզ համար ծաղիկ բերել, Տիկս։

Տիկ, էսօր շիրիմիդ չեմ լացել. մի կերպ, բայց զսպել եմ ինձ։ Գիտեմ, որ չես սիրում, երբ քո սիրելիները լացում են։ Հետո, քեզնից թաքուն մի կուշտ կլացեմ, կփլվեմ ու կնորոգվեմ։
Սուրբ հողաթմբիդ այցի էին եկել բոլորը. ընտանիքդ, ընկերներդ, հարազատներդ, ուսուցիչներդ, քեզ ճանաչողներն ու չճանաչողները։ Պատմում էինք քեզնից ու ժպտում. Քեզ այլ կերպ հիշել հնարավոր չի։ Զգում էինք ներկայությունդ, շունչդ կամ ուղղակի ուզում էինք հավատալ, որ լսում ես, տեսնում ես, որ աներևույթ կերպով գրկում ես բոլորիս հատիկ֊հատիկ։
Ընկերներիդ, ովքեր կարոտով նայում էին քեզ, քո անունից փոխանցել եմ, որ ուժավորվեն, նորոգվեն, պայքարեն, դառնան լավագույնը՝ քեզ արժանի լինելու համար, որովհետև քո անմահությամբ մեծ պատգամ ես թողել ապրողներիս. չնահանջել, չհանձնվել. Քեզ նման Տիգրանավայել։

Մարտական ընկերներդ, զինծառայակիցներդ պատմում են, որ սիրում էիր զրահատեխնիկադ՝ տանկդ։ Բայց էնքան շատ, որ մի քայլ չհեռացա՞ր։ Ֆենոմենալ Մարդ դուրս եկար, գիտե՛ս։ Պատմության դասից փախար, բայց նույն պատմությունը վերապատմեցիր, նոր դրվագներ գրեցիր նույն պատմության էջերում. լավագույն ու կարևոր դասը սերտել էիր՝ Մարդ լինել ու իսկական Զինվոր լինել՝ մինչև երկրային կյանքի ավարտը։ Ամենաճիշտ դասը տվեցիր։
Հայկն ու Նվերը շարունակում են ծառայությունն ու գլուխները բարձր քայլում, որ քեզ ունեցել և ունեն իրենց կյանքում, որ տեսակով չնահանջող մինչև վերջ էլ մնացիր։ Գագիկը, Հայկը, բոլո՜ր ընկերներդ, քեզնից փոքրերը կոկորդում խեղդող ու անպատասխան կարոտ ունեն առ քեզ. ցավոտ հպարտություն է, դժվար է անքեզ ապրելը։ Գիտեմ, որ զգում ես, երբ գիշերներն այցի են գալիս քեզ, խոսում հետդ։

Փառքիդ անկյունում դրված իրերդ էի շոյում։ Ոչ բոլորն են դեռ բերել։ Զորամասում են ՊՆ խրախուսանք ժամացույցդ, համազգեստդ, օծանելիքդ։ Զինգրքույկիդ մեջ ինչ֊որ թվեր են. հետհաշվարկ էի՞ր անում, չգիտեմ։ Սիրելիիդ՝ Աննայի նկարներն էին, ուժեղ Աննայի, ով ամեն օր ապրում է՝ ապրեցնելով քեզ։ Նկարված սրբապատկերներն են ափերիս մեջ։ Դրանցից մեկի ներքևի հատվածում չորացած արյունդ է. գրկել եմ ու նայում եմ նկարներիդ։
Անուշ Մայրիկը, այդ հերոսածին ու առյուծասիրտ կինը, իրերիդ հոտը դաջում է հիշողության մեջ. պինդ գրկում եմ Մայրիկիդ։ Հսկա Հայրդ վեհ է ինչպես միշտ, բայց կողքիդ մի բուռ է դառնում, մտովի փարվում քեզ։ Եղբայրդ տնից ամեն դուրս գալուց աչքով է անում քեզ, քույրերդ ու հարսիկդ Հրաչին ու Լուսեին դաստիարակում են՝ Քեզ ներկայացնելով որպես ամենաճիշտ օրինակ. դեռ վերածնվելու ես, գիտեմ։ Գյուղի կռված տղերքը քեզնից են խոսում։ Նարեկը, ով վիրավոր է, ո՜նց է ուզում շուտ ոտքի կանգնել, մոտդ գալ. երևի խոսելիք ունի հետդ։
Գյուղի նույն փողոցները դատարկ են։ Բոլորը շշուկով են խոսում. քնած ես, չարթնացնեն։ Բայց խոստացել ենք, որ դպրոցն ու գյուղն էլի կլցվեն մանկան ուրախ խինդով, քո սիրելի քոչարին ու յարխուշտան էլի պիտի պարենք մի՜շտ, որ եկող սերունդին հսկելու ես էդ խոսուն աչքերիդ հայացքով, որ Քո ու մյուսների համար պիտի՛ բեկանենք շանթեր, որ բոլոր բարձունքները մի օր էլի մերն են լինելու։ Եվ ես հավատում եմ, որ Աստված ու ձեր արդար հոգիներն օգնական են լինլու մեզ, մեր անպարտ Զինվորին։

Հիմա խաղաղ չես, գիտեմ։ Բարևի՛ր Մոնթեին, Դուշմանին, Գևորգին, Լեոնիդին, Համլետին, Սևակին, անվանակցիդ՝ Մարտակերտի Կյաժին, ում Սիլվա Մայրիկը սիրով ու ժպիտով է հիշում քեզ. բոլոր անմեռ հոգիներին բարևի՛ր։
Տեսա՞ր Տիգրան Մեծին, խոսեցի՞ր հետը։
Մենք պինդ ենք, հա՛, դժվար է, բայց ամուր ենք, ոտքի կկանգնեք, այլ ելք չեք էլ թողել։
Մի օր, երբ մեր մարտիկները վրեժ կերգեն, երբ կհաղթենք նախ մեզ, հետո՝ թշնամուն, գինով էլի գալու եմ մոտդ։
Իսկ հիմա՝ առայժմ։ Շատ չկարոտես, շուտով էլի գալու եմ։ Գրել է Մարիամ Մարիկյանն իր ՖԲ էջում։

94 thoughts on “Տիկ, էսօր շիրիմիդ չեմ լացել. մի կերպ, բայց զսպել եմ ինձ․․․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.